Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել:
Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հանդիպումների միջոցով նպատակ է դրել հասնելու Արցախի ադրբեջանական ինտեգրացիային, իսկ Արցախի իշխանությունը հակադարձում է, որ դրանք զուտ տեխնիկական, հումանիտար բնույթի նպատակ ունեն:
Միանգամից ասեմ, որ այստեղ այդքան կարևոր չեն ցանկությունների մասին հայտարարությունները, որքան բուն գործընթացն իր բովանդակությամբ և իր հետ բերող հետևանքներով:
Համենայդեպս, Ադրբեջանն արհեստական խնդիրներ ստեղծելով և «հերոսաբար» դրա վերաբերյալ լուծումներ առաջարկելով արցախցիների հետ մշտական կապի, հաղորդակցության և համագործակցության լայն դաշտ է ձևավորում, ինչը ինտեգրացիա ապահովելու հիմնական քայլերից է:
Դե դուք հայտարարեք, որ նման ցանկություն չունեք:
Պայմանական վերցնենք, որ Արցախում որոշում կայացնողները զուտ առկա խնդիրների հաղթահարման մասին են մտածում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ընտրած մարտավարությունը բերելու է նրան, որ մի կետից հետո վերադարձի հնարավորություն չի լինելու, որովհետև պրոցեսն այսօր ադրբեջանական խաղի կանոններով է և նրա առաջ քաշած օրակարգով:
Ինչ վերաբերվում է վերջին հանդիպումներում արցախյան կողմը ներկայացնող գլխավոր անձին` ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, նրա ներկայությունը վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, ապա վերջինս չնայած բանակցային գործընթացի մեծ փորձառություն չունի, սակայն կոփված տղա է, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն և անցած ճանապարհ ունի, ԱԱԾ գեներալ է:
Բայց խնդիրը նրա անձը չէ, այլ վերևից իջեցվող այն քաղաքականությունն ու որոշումները, որը նրա` որպես բանակցողի, աշխատանքային մոտեցումներում են դրվում:
Համոզված եմ, որ Շահրամանյանը գիտակցում է` առանց ականազերծման սարքի մտել է ականապատ դաշտ և ցանկացած անզգույշ քայլ կարող է պայթյունի բերել:
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպման արդյունքներով Ադրբեջանի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ԱԳՆ
- Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները նոր հանդիպմանը քննարկել են նաև Կաշենի հանքավայրին վերաբերող հարցեր
- Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր կրկին հանդիպել են. «Արցախպրես»
- Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը չի կարելի համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ. Բաբայան
- Ի՞նչ են քննարկել Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները
- Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ. «Արցախպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան