Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Դոհայում ընթացող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս է եկել եզրափակիչ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հենացատկի որակավորման փուլում նա վաստակել է 14,733 միավոր ու երկրորդ տեղով անցել եզրափակիչ: Օրեր առաջ Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 15,133 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից մարտի 1-ին եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Ավետիսյանն ու Դավթյանն այսօր հանդես կգան օղակների վարժության եզրափակչում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր էր վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել էր 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկն էլ դուրս չէին եկել եզրափակիչ:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հարակից հրապարակումներ`
- Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
- Մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան