Օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը սկսել է գիտակցության գալ
Օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Ռոման Կոստոմարովը ուշքի է եկել, սակայն հետագա ապաքինման համար ժամանակ կպահանջվի։ Այս մասին հայտնել են «Ռիա Նովոստի»-ին։
«Ռոման սկսել է գիտակցության գալ: Նա արդեն կարող է մի փոքր շարժվել: Մինչև լիարժեք ապաքինվելը դեռ պետք է ժամանակ անցնի, բայց կա դրական դինամիկա։ Վերջնական եզրակացությունները կարելի է անել ավելի ուշ», - ասել է աղբյուրը:
Հունվարի 10-ին գեղասահորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ Բժիշկներն ախտորոշել են սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել է երկկողմանի թոքաբորբի։
Փետրվարին օլիմպիական չեմպիոնի երկու ոտնաթաթերն անդամահատել են։ Հաղորդվում է նաև, որ Կոստոմարովը երկու ինսուլտ է տարել։
Կոստոմարովը 2006 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2004, 2005), ինչպես նաև Եվրոպայի առաջնության եռակի հաղթող (2004, 2005, 2006) Տատյանա Նավկայի հետ զուգապարում։