Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող
Ազգությամբ հայ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է Սանկտ Պետերբուրգում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, երկու ծրագրերի արդյունքում Պետրոսյանը ստացել է 255,01 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (241,76), երրորդ տեղում Ելիզավետա Տուկտամիշևան է (241,61 միավոր) ։ Չորրորդ տեղը զբաղեցրել Է Ռուսաստանի 2023 թվականի չեմպիոն Սոֆյա Ակատիևան (241,09)։
Ադելիա Պետրոսյանը 15 տարեկան է։ ՌԴ վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանը Ռուսաստանի առաջնության 2022 թվականի բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի երկրի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։
Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչը կավարտվի այսօր։ Առաջին տեղի համար մրցանակային գումարը կազմում է 1 մլն ռուբլի, երկրորդ տեղի համար՝ 750 հազար ռուբլի, երրորդի տեղի համար՝ 500 հազար ռուբլի։
Հիշեցնենք, որ գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլի խաղարկությունում Ադելիա Պետրոսյանն իր հաղթական ելույթն ունեցել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո:
Նշենք նաև, որ Չմշկասահքի միջազգային միության (ISU) խորհուրդը 2022 թվականի մարտի 1-ին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուս և բելառուս գեղասահորդներին զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ադելիա Պետրոսյան. Ուզում էի Արցախում պատերազմից հետո իմ ելույթով քաջալերել Հայաստանին
- Ադելիա Պետրոսյանը հաղթել է «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո