Արմեն Պետրոսյան. Կարևոր է Բաքվի բռնապետին ներքաշել «փոքր թեմայով մեծ արկածախնդրության» մեջ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Եթե Ալիևն ասել է... Բաքվի բռնապետի դեմ ծուղակ լարելու տրամաբանությունը
Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող վարչակարգի բնույթը՝ Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր գործողությունները հաշվարկելու համար պետք է հիմք ընդունել բռնապետ Ալիևի հռետորաբանության նրբությունները։ Երևույթի ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ «ամբողջ աշխարհն էլ դեմ կանգնի, Մուհամմադ մարգարեն էլ երկնքից իջնի, ես իմ ասածն անելու եմ»։
Ի դեպ, այս իրողությունը քայլ առ քայլ բյուրեղացել է Բաքվի բռնապետի կառավարման ողջ ընթացքում, որի գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմում արձանագրված հաղթանակը։
Հետևաբար, եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հրաժարական տա, նա ամեն ինչ անելու է՝ սեփական խոսքի հանդեպ հետևողականությունը ցույց տալու համար։ Եվ արեց. Վարդանյանի հրաժարականից հետո արցախահայության հետ երկխոսության բեմադրություն ցուցադրեց, ապա կրկին դիմեց ագրեսիայի։ Քանի որ վերջնանպատակն Արցախի հայաթափումն է։
Եթե Ալիևն ասել է, թե Քաշաթաղի/Լաչինի միջանցքը փակ չէ, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը չէ, «Ալլահն էլ իր երկնային դատաստանով» չի կարող հակառակն ապացուցել, ավելին՝ արդարությունը վերականգնել։
Եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Քաշաթաղի/Լաչինի միջանցքում անցակետ պետք է տեղադրվի, ապա Ադրբեջանն ամեն բան անելու է՝ միջանքցի վերահսկողությունն իրականացնող Ռուսաստանից անցակետի հնարավորությունը «գնելու» համար։
Եթե Ալիևն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնալու, նա Ադրբեջանը չէ, պատրաստ է անգամ ամբողջ տարածաշրջանը տանել արկածախնդրության՝ ասածն իրականություն դարձնելու համար։
Եթե Ալիևն ասել է, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն Իրանի իշխանությունների թողտվությամբ իրականացված ահաբեկչություն է, ամբողջ աշխարհի լավագույն փորձագիտական խմբերն անգամ չեն կարող հակառակն ապացուցել։
Այս շարքը կարելի է երկար շարունակել՝ ալիևյան մի քանի այլ մեծ և մանր հայտարարություններ հիշատակելով։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորը՝ հասկանալ երևույթի տրամաբանությունը և Բաքվի բռնապետին ներքաշել «փոքր թեմայով մեծ արկածախնդրության» մեջ։ Հակառակ տրամաբանությունը՝ «քայլ առ քայլ» զիջումների տեսքով, միմիայն ավելի է գրգռելու նրա ախորժակը՝ առավել անզիջում և վտանգավոր դարձնելով ամբողջ տարածաշրջանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
- Արմեն Պետրոսյան. Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխնիզմ կա
- ՀՀ պաշտոնյաները չեն գալիս Արցախ, քանի որ վախենում են արցախցիների ցասումից. Արմեն Պետրոսյան
- Արմեն Պետրոսյան. Արվում է ամեն հնարավորը, որպեսզի դեռ տևական ժամանակ հայ ժողովուրդը չկարողանա ոտքի կանգնել
- Արմեն Պետրոսյան. Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին
- Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի․ Արմեն Պետրոսյան
- Հարևան վրացիների «բարիդրացիականության» հերթական պոռթկումը. Արմեն Պետրոսյան