Տեր փնտրելու դարավոր մոլուցքը․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումը հայ ժողովրդի կյանքում նոր ֆենոմեն չի: Ավելին, դա ունի պատմական ու հոգեբանական խորքային արմատներ, ինչը տարբեր պատմական փուլերում տարբեր կերպ է արտահայտվել, սակայն բովանդակության առումով այն անփոփոխ է:
Հայ ժողովրդի պատմությունը կարելի է դիտարկել որպես արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող խմբերի միջև անզիջում պայքար, ինչը պարբերաբար հանգեցրել է ներազգային թշնամության: Որն է դրա բովանդակային, կամ անգամ աշխարհայացքային բացատրությունը:
Այս երևույթը փորձենք հասկանալ կոնկրետ մի օրնակի միջոցով: Ավարայրի ճակատամարտը մեր պատմության մեջ ներկայացվում է որպես կրոնական պայքարի արգասիք, այսինքն, պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ անել, սակայն հայ ժողովուրդն, ազնվականների ու շինականների միասնության շնորհիվ հանուն հավատքի դուրս էին եկել պայքարի:
Անգամ պատմությանը թռուցիկ հայացք ձգելը բավական է հասկանալու համար, որ իրականում հայ ժողովուրդն այդ ժամանակ բաժանված էր երկու քաղաքական հատվածի և Ավարայրի ճակատամարտն իրականում քաղաքացիական պատերազմ էր: Դա հռոմեական ու պարսկական կողմնորոշումներ ունեցողների միջև քաղաքացիական պատերազմ էր, որտեղ կրոնն այն քաղաքական բանաձևն էր, որի միջոցով այդ ջրբաժանը գծվում էր:
Հետագայում նույն պատկերը պարբերաբար կրկնվում է:
Այդ ժամանակ Պարսկաստանի ճնշման հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի՝ քաղքեդոնականնների՝ Հռոմի տիրապետության տակ գտնվողները, և հակաքաղքեդոնականների՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվողները:
Հետաքրքրական է, որ երբ արաբական արշավանքների հետևանքով Պարսկաստանը փլուզվեց, քաղքեդոնականններն ու հայ հակաքաղքեդոնականները, 633 թվականին, Եզր Ա կաթողիկոսի և Բյուզանդիայ հայազգի կայսր Հերակլի հետ մեկ միասնական հավատի բանաձևի շուրջ հետ եկան համաձայնության՝ Դա ՄԻԱԿԱՄՈՒԹՅԱՆ բանաձևն էր: Խոսքը Հիսուսի երկու բնույթների, մարդկային ու աստվածային, հարաբերություններին է վերաբերում, ինչն իրականում քաղաքական նշանակություն ուներ:
Չկար Պարսկաստան, չկար նաև արտաքին կողմնորոշումների խնդիր, սակայն, երբ մեր տարածաշրջանում հաստատված արաբները սկսեցին համակարգված քաղաքականություն վարել, իրենց տիրապետության տակ եղած հայերին ստիպեցին տարանջատվել Բյուզանդիայից:
726-ին, Հանհաննես Օձնեցի կաթողիկոսը, Մանազկերտի ժողովում, նորից տարանջատվում է քաղքեդոնականներից՝ հռոմեացիներից: Այսինքն, նորից արտաքին կողմնորոշումների խնդիրը դառնում է արդիական, բնականաբար, արտաքին քաղաքական ճնշումների ազդեցությամբ:
Առաջ արտաքին կողմնորոշումներն արտահայտվում էին կրոնական միավորումներով ու տարանջատումներով, կրոնական այս, կամ այն դոկտրինի ընդունման միջոցով, հիմա նույն բանը կատարվում է «ժողովրդավարության» ու «ավտորիտարիզմի» մասին դոկտրիններով: Իմաստը միայն քարոզչական է, քաղաքական նպատակներով:
Ոչինչ չի փոխվել, ազգային շահ ձևակերպել չկարողանալով, ինչպես առաջ, մենք կրկին տարանջատվում ենք ըստ արտաքին կողմնորոշումների՝ արտաքին պատվերներով, արդյունքներն էլ նմանապես ողբերգական են լինելու:
Հերթական անգամ «դեմոկրատ-քաղքեդոնականների» ու «ավտոկրատ-հակաքաղքեդոնականների» խաղը նորից կրկնելու համար մենք ոչ մի ռեսուրս արդեն չունենք:
Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով, մեր գիտակցության միջից հանելով արտաքին կողմնորոշումներն, այսինքն դրսում տեր փնտրելու մոլուցքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան