Այս պահին կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա, ունենք փոքր բռնկում. նախարար
Հայաստանում հանրության մոտ 95%-ը պատվաստված է կարմրուկի դեմ, իսկ 5%-ը պաշտպանված չէ այդ վարակից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ ներկայում աշխատանքներ են իրականացնում պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները։ Ըստ նախարարի՝ նրանց հետ պետք է անհատապես աշխատանքներ տանեն, որպեսզի նրանք ևս պատվաստվեն և կանխեն վարակի տարածումը՝ հատկապես ռիսկային խմբում գտնվողների համար։
«Իսկ ռիսկի խմբում են մինչև 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։ Հորդորում ենք ծնողներին պատվաստման տարիքի երեխաներին անպայման պատվաստեն, քանի որ դրանով պաշտպանում են իրենց քույր-եղբայրներին»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և հիմա երկիրն ունի բավական փորձ հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու և լավ արդյունք ունենալու նաև բուժման ընթացքում։
«Կարմրուկն, ի տարբերություն քովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է։ Մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու համար։ Հենց առաջին դեպքի հաստատումն ունենալուց հետո, իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են բոլոր մասնագետները տարբեր ոլորտներից։ Բացի դրանից, մենք ունեինք քովիդի ժամանակ ստեղծված միջազգային մասնագետների խումբ, որն այս ընթացքում մշտապես գործել է, և շարունակվելու է գործել։ Մասնագիտացված խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, հավաքագրում ենք օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկատվութունը և նոր որոշումները համապատասխանեցնում ենք իրավիճակին»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե արդյոք սահմանափակումներ՝ հատկապես մարզերում չեն նախատեսվում, նախարարն ասաց , որ այս պահին սահմանափակող գործողությունների անհրաժեշտություն չկա։ Նա նշեց, որ կարմրուկով վարակվածների մեծ մասը Երևանից են։
Նրա խոսքով՝ այս պահին էլ դպրոցներում և մանկապարտեզներում գործում է ֆիլտրման մեխանիզմը, և բուժքույրերը, մինչև երեխաներին դպրոց ներս թողնելն, ընդհանուր հսկողություն են իրականացնում։ « Մենք արդեն իսկ տեղեկացրել ենք կրթության ոլորտի գործընկերներին՝ թարմացնելով ախտանշանների նկարագիրը։ Ավելացվել է ցանը՝ որպես ախտանշան, և նման այլ առանձնահատուկ նշաններ։ Այս պահին ավելի միջոցառումների կարիք չկա։ Մոնիթորինգի արդյունքում մենք կփոխենք մեր գործողությունները,։ Եթե կարիք լինի, ապա կդիտարկենք օրենքով նախատեսված բոլոր գործիքները»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա. «Նման սցենարներ հորիզոնում չեն երևում, մենք ունենք փոքր բռնկում և պետք է ճիշտ ձևով զսպենք՝ թույլ չտալով դրա հետագա տարածումը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
- Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելանում են
- Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք․ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան