Ձմեռային քննաշրջանից ավելի շատ շահել է դիմորդը. Նասիբյան
2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը և ամռանը: Ասուլիսում ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասաց, որ ձմեռային միասնական քննությունները կազմակերպվել էին 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, եղել են դիմորդներ, որոնք հանձնել են երկու միասնական քննություն։ Այսինքն, ԳԹԿ–ն ստացել է 10 817 պատասխանների ձևաթուղթ։
Նա հայտնեց, որ 10 817 քննություն-դիմորդից 226-ը բացակայել է, որից 50-ը Արցախի Հանրապետության դիմորդներ էին, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու պառճառով հնարավորություն չեն ունեցել մասնակցել։ Բացի այդ, 31 դիմորդներ հեռացվել են քննասենյակից, հիմնական պատճառը եղել են հեռախոսով քննասենյակ մտնելը, 2 դիմորդ քննությունների ընթացքում առողջական խնդիրների պատճառով ընդհատել են գրավոր աշխատանքը։
«Ձմեռային քննաշրջանից ավելի շատ շահել է դիմորդը։ Բովանդակային առումներով նա զգաց, որ ինքն իր դպրոցում սովորական թեմատիկ աշխատանք չի գրում, մտավ քննասենյակի մթնոլորտի մեջ և անցավ այն քայլերը, ինչը պետք է անցներ հունիսին, այսինքն՝ միանգամից ճակատագրական չեղավ ձմեռային քննաշրջանի գնահատականը»,- ասաց Կ. Նասիբյանը։
Նա ընդգծեց, որ եթե դիմորդին նույնիսկ արդյունքները բավարարում է, սակայն մտավախություն ունի, որ մրցույթից կարող է դուրս մնալ, հնարավորություն ունի ամառային քննաշրջանում նորից հանձնել քննություն։
«Սպասում էինք, որ արդյունքներն ավելի ցածր կլինեն, քան նախոդ տարվա հունիսին կազմակերպված միասնական քննություններին։ Այդպես էլ եղավ։ Բնականաբար, երեխաների մեծ մասը դեռ չէր ավարտել ծրագրային նյութը, չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ, իսկ թեստերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա»,- նշեց Կ.Նասիբյանը։
Ամենաշատ դիմորդները քննություն են հանձնել «Անգլերեն» առարկայից. մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9։ Որպես կանոն, տարիներ շարունակ «Անգլերեն» առարկայի միջին գնահատականը միշտ եղել է բարձր, համեմատած «Հայոց լեզվի»։
«ԳԹԿ–ի համար հաճելի անակնկալ է եղել «Հայոց պատմության» միջին գնահատականը (14), «Կենսաբանությանը»` (13,.1) և «Աշխարհագրության» գնահատականը (14,1)»,- ասաց նա։
Դրական միավորի շեմը չեն հաղթահարել «Անգլերեն» առարկայից 480 դիմորդ, որը կազմում է 15,7 տոկոս, «Կենսաբանությունից»` 14,3 տոկոս, «Քիմիայից»՝ 37 տոկոս, «Ռուսաց լեզվից»՝ 29,5 տոկոս և «Մաթեմատիկայից»՝ 27,5 տոկոս։ 18-20 միավորներ ստացել են հիմնականում «Կենսաբանությունից», «Հայոց պատմությունից» և «Աշխարհագրությունից»։ Ընդհանուր առմամբ, 10 817 դիմորդ–քննությունից 2376 դիմորդ դրակա միավորի շեմը չի հաղթահարել։
Նրա խոսքով, սպասում են, որ անցյալ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին միջին գնահատականի և 18-20 ստացողների քանակը ավելի բարձր կլինի։
Նա նաև նշեց, որ վերջին շրջանում կան դպրոցների տիպեր, որոնք անկախ ձմեռային, թե ամառային քննաշրջանի, միջին գնահատականներն անպայման բարձր է։ Առաջին տեղում ավագ դպրոցներն են, երկրորդ՝ վարժարանները և ոչ պետական ուսումնական հաստատությունները, երրորդ տեղում՝ միջնակարգ սովորական դպրոցները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան