Իրանում լիթիում թանկարժեք մետաղի երկու հանքավայր է հայտնաբերվել
Իրանցի երկրաբանները երկրի արևմուտքում՝ Քահավանդի հարթավայրում, հայտնաբերել են լիթիում թանկարժեք մետաղի երկու հանքավայր՝ 8,5 մլն տոննա հանքաքարի առկայությամբ։
ParsToday-ի փոխանցմամբ, Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակից Էբրահիմ Ալի Մուլաբիղին ասել է՝ Համադան նահանգում լիթիումի պաշարներ են հայտնաբերվել և կանխատեսվում է, որ կհայտնաբերվեն նաև նոր պաշարներ:
Լիթիումն ամենաթեթև և ամենաթանկ հազվագյուտ մետաղներից է: Այս հանքի հայտնաբերմամբ Իրանը զբաղեցնում է լիթիումի պաշարներ ունեցող երկրների շարքի չորրորդ տեղը, առաջ անցնելով ԱՄՆ-ից:
Լիթիումը, որը կոչվում է «21-րդ դարի նավթ», օգտագործվում է էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության մեջ, և այս հանքի հայտնաբերումը շատ կարևոր է, հաշվի առնելով, որ շատ երկրներ, բենզինի այրման հետևանքով առաջացող ածխածնի երկօքսիդը նվազեցնելու և ի վերջո վերացնելու համար, անցնում են էլեկտրական մեքենաների շահագործման: