Վրաստանում ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում
Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների» աղմկահարույց օրինագծերի քննարկմանը զուգահեռ Թբիլիսիի կենտրոնում մեկնարկած բողոքի ակցիային մասնակցել են նաև տաբեր բուհերի ուսանողներ:
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ ուսանողների մի խումբ դիմել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դասախոս Նիկոլոզ Սամխարաձեին և նշել, որ վերջինիս ուսանողները միաձայն հայտնում են, որ այսուհետ չեն մասնակցելու Վրաստանում «պուտինիստական բռնապետության հիմնադիրներից Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսություններին»։
Ասել են՝ իրենց որոշումը հիմնավոր է, անդրդվելի և սկզբունքային։
«Այսօր այստեղ գտվողներս միջազգային հարաբերությունների բաժնում ենք սովորում, իսկ մեր մենթորը, որը պետք է լինի մեր իրավունքների պաշտպանը, դժվար իրավիճակներում կանգնի մեր կողքին, զբաղված է նրանով, ինչը մեզ կհամարի օտար երկրի պոտենցիալ գործակալներ։
Մենք՝ երիտասարդներս, նրա ուսանողները, որ անչափ սիրում ենք այս երկիրը, աշխատում միայն հանուն մեր երկրի, ի բարօրություն մեր երկրի՝ չենք հանձնվի։ Պարոն Նիկոլոզ, մեզանից ոչ ոք ոտք չի դնելու լսարաններ, ոչ ոք չի պատրաստվում մասնակցել ձեր դասախոսություններին՝ լսել ձեր դիդակտիկ տեքստերը Եվրամիության, Վրաստանի եվրոպական ապագայի մասին, որից հետո գալով այստեղ, ձեր գործընկերների հետ փորձում եք օրինականացնել Վրաստանի ապաեվրոպականացումն ու պուտինիստական ռեժիմի ամրապնդումը»,- նշել է Սամխարաձեի ուսանողներից մեկը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ վրացի տղաներն ու աղջիկներն արյուն են թափել, որ այսօր Վրաստանն ազատ ու անկախ լինի, տարիներ անց, նույն վայրում՝ խորհրդարանի շենքում, նրանց հետնորդները երկրի ազատությունը խլելու ծրագրեր են կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան