Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում տարբեր խմբակցությունների պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: «Գազետա ռու»-ն ներկայացնում է այդ մասին վրացական «Առաջին ալիք»-ի տարածած հաղորդագրությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանականները ծեծկռտուք են սկսել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին կոչ է արել դահլիճից հեռացնել մի քանի պատգամավորների։
Ինչպես նշվում է, Լևան Խաբեիշվիլին հարձակվել է իրավական հանձնաժողովի ղեկավարի վրա, երբ Գիորգի Վաշաձեն բողոքում էր քաղաքական գործչից։ Պատգամավորների ծեծկռտուքի արդյունքում նիստին ընդմիջում է հայտարարվել։
Պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել երկու վիճահարույց օրինագծերի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերի քննարկման ժամանակ։ Այս երկու օրենքներն էլ ակտիվորեն քննադատվում են վրացական ընդդիմության, լրագրողների, հասարակական գործիչների և նույնիսկ արևմտյան պետությունների ներկայացուցիչների կողմից։ Խորհրդարանում նախաձեռնությունների քննարկման հերթական փուլի ֆոնին Վրաստանի օրենսդիր մարմնի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում բերման են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարների մի քանի մասնակից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել, որ Անվտանգության խորհուրդը չի քննարկում ՌԴ քաղաքացիների հոսքի խնդիրը
- Քննարկվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ընթացքը
- Եվրախորհուրդը Վրաստանի խորհրդարանին խնդրել է չընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին