«Մերկի հանդերձները»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մերկի հանդերձները» ցուցահանդեսը: Ավելի քան 100 «մերկերը» առաջին անգամ միասին ցուցադրվում են Ազգային պատկերասրահում։
«Շուրջ 60 արվեստագետների ճեպանկարներ, էսքիզներ, գրաֆիկական շարքերի թերթեր և նկարազարդումներ անդրադառնում են մերկության դրսևորումներին 1850-ական թվականներից մինչև մեր օրեր։
Էրոտիկ թե ողբերգական, իդեալականացված թե թշվառ՝ մերկն այս ստեղծագործություններում ծառայում է որպես «բացության» բանալի և կրում է տարաբնույթ հանդերձներ։
Համադրողներ՝ Վիգեն Գալստյան, Սեդա Խանջյան։
Տարիքային սահմանափակում՝ 16+»,- նշել են Ազգային պատկերասրահից։
««Մերկի հանդերձները» ցուցահանդեսը հայ արվեստում առաջին պատմական հայացքն է մերկությանը:
Մեր արվեստում, երբ մտածում ես մերկության կամ մերկ մարմնի մասին, առաջին հերթին պատկերացնում ես այլաբանական, ազգային թեմաներին առնչվող պատկերներ։ Երբ մերկություն է պատկերվում, ուրեմն այն պիտի խորհրդանշական բնույթ կրի ու չի կարող լինել հենց մարդու մասին։ Չէ՞ որ մենք աշխարհը ճանաչում ենք հենց մեր մարմնի միջոցով։ Դա հենց առաջին բանն է, որն ասում է՝ ինչ է նշանակում մարդ լինել», – ասել է Վիգեն Գալստյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարի ժամանակ։