Մեր անվտանգության պատյանն այսօր ցանցավոր է դարձել. Ձյունիկ Աղաջանյան
«Ճարահատյալ քայլ է՝ առավել բաց խոսելու և հանրությանը իրականությունը ներկայացնելու անհրաժեշտության առումով»,-«Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում» պանելային քննարկման ժամանակ ասաց նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ԱԳ նախկին որոշ աշխատակիցներ ստիպված բաց խոսում թեմաների մասին, որոնք ի պաշտոնե պետք է, որ չխոսեին:
Նա համոզմունք հայտնեց, որ միանշանակ կարելի էր խուսափել 2020 թվականի պատերազմից
«Հայտնի խոսք կա՝ որտեղ դիվանագիտությունը լռում է, սկսում են թնդանոթները որոտալ: Բազում սխալներ են եղել, որոնք, իմ գնահատմամբ, միտումնավոր և հետևողականորեն արվող քայլեր էին, եթե չարվեին, ապա չէինք ունենա այն իրավիճակը, որը հանգուցալուծվեց 44-օրյա պատերազմի տեսքով և որն, ի սկզբանե, նախատեսված էր շատ ավելի կարճ ժամանակ տևել և շատ ավելի այլ հետևանքներ ունենալ, քան ունեցավ՝ մեր զինվորների անձնուրացության և զոհաբերությունների գնով»,-հայտարարեց Աղաջանյանը և հավելեց. «Մեր գործող իշխանությունների քայլերի հետևանքով հայտնվել ենք աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա, որտեղ քայլեր են արվում մեր փոխարեն հարցեր լուծելու՝ հստակ նպատակ ունենալով այս տարածաշրջանը վերաձևելու, այնտեղից որոշ ուժեր դուրս մղելու և այլ ուժերի ներս բերելու և՝ մեր հայրենիքի հաշվին: Սա է հիմնական վտանգը, որի առաջ կանգնած է պետությունը»:
Դիվանագետն ասաց, որ միշտ օրինակ է բերում, իր միտքը հասկանալի դարձնելու համար, ըստ որի՝ երբ մարդը իր կյանքին վտանգող հիվանդություն է ունենում՝ նրա համար իր տան կահույքի որակը, ծորակից հոսող ջրի բաղադրությունը հետաքրքիր չի դատնում, քանի որ իր ֆիզիակական անկվտանգությունն է վտանգված, որի դեպքում մնացած ամեն ինչը դառնում է երկրորդային:
«Երբ հայ ժողովրդի ապրելու իրավունքն իր հազարամյա հայրենիքում վտանգված է, մնացած ամեն ինչը դառնում է երրորդական և հազարերրորդական հարցեր, քանի որ դու կորցնում ես անվտանգության պատյանը, որն այսօր ցանցավոր է դարձել այն գործողությունների և քայլեր արդյունքում, որոնք մեզ բերել հասցրել են 44-օրյա պատերազմին և այն ողբերգական պահին, երբ մենք գտնվում ենք մի ողբերգությունից մյուս աղետի միջանկյալ հատվածում»,- սաց Աղաջանյանը
Նա հայտարարեց, որ դիվանագիտության դաշտում 2018 թվականից քանդվում է տարիներով կառուցված անվտանգային համակարգը և փորձ է արվում երկիրը մի դաշտից տեղափոխել մյուս դաշտ՝ չդիտարկելով անվտանգության խնդիրները՝ չօգտագործելով փորձառու դիվանագետների զենքն, այլ առաջնորդվելով պարտվողականության և զիջողականության սկզբունքներով: