Ամուլսարի շահագործման դեմ պահանջագրի ներքո ավելի քան 30 հազար մարդ է ստորագրել
«Ամուլսարում հանք չի՛ լինելու» խորագրով պահանջագրին change.org կայքում 30 026 մարդ է միացել։ Հեղինակները նպատակ ունեն ստորագրությունների թիվը հասցնել 35 հազարի։
«Պահանջագիրը կազմվել է 2016 թ․, որից հետո թարմացվել է 2020 և 2023 թվականներին՝ արտացոլելով վերջին տարիների փոփոխությունները։ 2023թ. փետրվարի 22-ին Հայաստանի կառավարությունը եռակողմ պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության և հիմնականում ռուսական կապիտալ ներկայացնող Եվրասիական զարգացման բանկի հետ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը դադարեցվել էր 2018 թվականի հունիսից հանրային դիմադրության շնորհիվ։
Կարող եք նաև ծանոթանալ ՀՀ քաղաքացիական հասարակության վերջին պահանջագրին այստեղ (2023թ․ մարտ)։
«Մենք պահանջում ենք, որ Osisko Gold Royalties, Orion Mine Finance ընկերությունները և Լիդիան Արմենիա ընկերության մյուս բոլոր բաժնետերերն ու ներդրողները դադարեցնեն իրենց մասնակցությունն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրին: Մենք պահանջում ենք նաև, որ Եվրասիական զարգացման բանկը և մյուս նոր/պոտենցիալ ներդրողները զերծ մնան ծրագրի ֆինանսավորումից, ինչպես նաև որ ՀՀ կառավորությունը դադարի աջակցել այս ծրագրին։
Բազմաթիվ մասնագիտական եզրակացությունները հաստատում են, որ Վայոց Ձորում գտնվող Ամուլսար լեռան տարածքում ցիանիդային տարրալվացման եղանակով բացահանքի շահագործումն անխուսափելիորեն թունավորելու է Հայաստանի անգին ջրային պաշարները, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի էկոհամակարգի վրա, ոչնչացնելու է Վայոց Ձորի մարզում ակտիվորեն գործող տնտեսության ճյուղերը՝ գյուղատնտեսությունն ու տուրիզմը, և ջնջելու է հանրահայտ հանքաջրաբուժական առողջարան հանդիսացող Ջերմուկ քաղաքի տնտեսական ապագան: Ծրագիրը հաստատվել է առանց դրա անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների համաձայնության, որոնք ամբողջովին կախված են Ամուլսարից սկիզբ առնող ջրային աղբյուրներից ու դրանց հետ կապված գետերից, և հստակորեն հակասում է այդ համայնքների կողմից ընդունված՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ժողովրդավարական որոշմանը: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի հաստատումը տեղի է ունեցել նաև հայաստանյան իրավական նորմերի խախտումներով: Այս ծրագրի դեմ ուժեղ դիմադրություն կա ամբողջ երկրում և մասնավորապես տեղական համայնքներում, որոնք պնդում են, որ այն իրենց իրավունքների լրջագույն խախտում է: Այդ իսկ պատճառով երկու տարի է` նրանք արգելափակել են դեպի հանքի շինարարական տարածքներ տանող ճանապարհները։ Արդյունքում ծրագրից դուրս են եկել մի քանի խոշոր ֆինանսավորողներ, իսկ ընկերությունը սնանկացել է ու վերակազմավորվել իբրև վերը նշված հեջ ֆոնդերի սեփականություն։
Այդուամենայնիվ, միջազգային կորպորացիաներն ու ֆինանսական ինստիտուտները, ինչպես նաև նրանց աջակցող՝ ՄԹ և ԱՄՆ կառավարությունները ճնշում են գործադրում հանքի շահագործումն սկսելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ռուս-ղազախական կապիտալ ունեցող Եվրասիական զարգացման բանկն է ստանձնում ծրագրի ֆինանսավորման մի մեծ բաժինը։ Զարմանալի չէ, որ նախկին ավտորիտար ռեժիմի դեմ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ընտրված Հայաստանի կառավարությունը տեղի է տալիս այս ճնշումներին և նույնիսկ գործարքի է գնում՝ նոր ընկերության բաժնեմաս ստանալով: Սա բացարձակապես անընդունելի է»,-ասված է պահանջագրում։
Հարակից հրապարակումներ`
- Գալստյան. Մենք շատ լավ գիտենք Ամուլսարի շահագործման աջակիցների և քանակը, և որակը
- Ամուլսարի շահագործման դեմ հայտարարությանը մեծ թվով ջերմուկցիներ են միացել
- Ո՞վ է երաշխավորելու, որ թշնամին կրկին չի ռմբակոծի Ամուլսարի շուրջն արդեն լիքը լցված ցիանիդային հարթակով. Վարդանյան
- Ամուլսարի շահագործման ծրագրի ֆինանսավորման կասկածները՝ միջազգային մամուլում
- «Այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը»
- ՀԿ-ներ. Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր
- Ակտիվիստը ներկայացրել է Ամուլսարը հանք չդառնալու ուղիներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան