Գուրգեն Ներսիսյան. Ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա
Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար: Հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:
Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:
«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է նա։
Պետնախարարը պատասխանելով միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին՝ նշել է, որ շուրջ երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուց բացի Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները:
«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը. Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի է, արդյոք ունենք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
- Թշնամու դիվերսիոն հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով
- Թշնամին հաստատեց՝ կորուստներ ունի
- Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին