Կառավարության ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է
Վարչապետի աշխատակազմին պատկանող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ նրանք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ:
Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։
Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։