Կառավարության ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 11 մարդ
Այսօր առավոտյան Իսակովի պողոտայում երթևեկության մասնակիցներն արագորեն ճանապարհ էին բացում շտապ օգնության ծառայության մեքենաների համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրշեջ, շտապ օգնության մեքենաները շտապում են Մոնթե Մելքոնյան փողոց, որտեղ կառավարության ավտոբուսի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ Շ․ Ա․-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս․ Բ․-ն (ծնված 1956 թ․) և Գ․ Ն․-ն (ծնված 1969 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ և ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։
«Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը»,-«Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան