Արցախից 9 հիվանդ տեղափոխվել է Երևան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Ավելի քան երկու ամիս է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
- Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը
- Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները
- Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ
- Արցախից 8 հիվանդ տեղափոխվել է Հայաստան