Ողբերգություն է, երբ քննարկվում է վարչապետի «ֆասթ ֆուդ» ուտելը, բայց ոչ Արցախի ճակատագիրը․ Իվետա Տոնոյան
«Մեր կյանքը բաժանվել է մինչև 2020թ․-ը և 2020թ․-ից այս կողմ։ Այն իրողությունը,որն ունեինք մինչև 2020թ․-ը այլևս որևէ մեկի համար նույնը չէ , փոխվել է արմատապես»,- «Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գորխիչ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ 2020թ․-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո,որևէ մեկը չէր կարող ձեռքերը ծալած նստել։
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո բոլորիս համար հասկանալի էր, որ սա հայրենիքը կորցնելու գործընթացի վերջը չէր և շատ ու շատ վտանգավոր իրադարձություններ կան առջևում։ Ինձ համար քաղաքականությունը վերաարժեվորելու, սեփական սխալները վերլուծելու մասով նման մի էտապ տեղի ունեցավ իմ կյանքում։ Վստահ եմ՝ քաղաքականության մեջ ասելիքը պետք է պայմանավորել էֆեկտիվությամբ ու արդյունավետությամբ»,-ասաց Տոնոյանը։
Տոնոյանը նշեց, որ բավականին շատ հանդիպումներ են ունենում հանրության հետ և նկատել է երկու տարբեր իրողություն՝ անտարբերություն և մտահոգություն։
«Մի կողմից ունենք հասարակություն, որը սարսափելի անտարբեր է մեր երկրում տեղի ունեցող, Արցախում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և մյուս կողմից ունենք մտահոգ, քաղաքականապես գրագետ քաղաքացիներ, որոնք խորապես մտահոգված են երկրում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում են իրենց ջանքը ներդնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ մարդիկ ավելի հակված են քննարկելու վարչապետի փողոցում «ֆասթ ֆուդ» ուտելը, քան Լաչինի միջանցքի փակ լինելը։
«Սա մտահոգիչ է և ողբերգություն, երբ հանրային օրակարգում կարող են լինել ֆոտոների քննարկումներ, բայց ոչ երբեք Արցախի ճակատագրի քննարկումը»։