Լիլիթ Թումանյան. Մենք հիմա խնդիր ունենք հասկանալու, թե ով է երկրի իրական տերը
«Թույլ տվեք չհամաձայնել, երբ ասում են՝ մարդիկ ստամոքսով են մտածում։ Մարդիկ հիմարներ չեն, նրանք ամեն բան շատ լավ հասկանում են»,- «Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։
Նրա խոսքով, հանրությունը շատ լավ կարդում է ու հասկանում է քաղաքական համակարգը։
«Հանրությունը մինչ օրս չի հավատում ընդդիմությանը, չի տեսնում առաջնորդություն, մինչև վերջին կաթիլը պայքարելու վճռականություն։ Տեսնում է գործարքներ, զիջողականություն, տեսնում է իր համար անհասկանալի քայլեր»,-միտքը շարունակեց նա։
Լ. Թումանյանն ընդգծեց՝ այո, քաղաքականությունը բարդ բան է, սակայն հասարակությունը չունի թափանցիկության ընկալում։
«Ես ասեմ ավելին, ընդդիմությունը մարդկանց մոտ շատ դեպքերում դեռևս ընկալվում է որպես իշխանություն, դեռ չի դարձել ընդդիմություն։ Ավելին ասեմ, դրա մեջ որոշակի արդարացի տարր կա»,-ասաց նա։
Քննարկման բանախոսը մանրամասնեց, որ քաղաքականության մեջ հիմա թրենդային են պոպուլիզմը, կլոունությունը, իսկ իշխանության մեջ տարիներ շարունակ եղած մարդիկ , որոնք հիմա ընդդիմադիր են, դրան սովոր չեն, բարդ է նրանց դա սովորեցնելը։
«Հիմա համաշխարհային գերտերությունների ղեկավարներից մի քանիսն ունեն պետական ապարատում աշխատանքի երկարատև փորձ, մնացած դեպքերում երկրի ղեկին կոմիկներ են, խամաճիկներ, որոնք ստանձնում են երևալու, բայց ոչ որոշում կայացնելու պատասխանատվություն, սա համաշխարհային թերենդներից մեկն է»,-ասաց նա։
Լ. Թումանյանի խոսքով, բացի այս փոփոխությունները, հանրությունը չի հասկանում այսօրվա որոշումների ու վաղվա տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։
«Մենք խնդիր ունենք մադկանց ցույց տալու այսօրվա արարքի ու վաղվա պատահածի կապը, բերել նրանց սեփական պատասխանատվության։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, արդյոք մեր քաղաքացիները փա՞յ են այս պետությանը, փայատե՞ր են։ Ոչ, ասում են, դուք եք պատասխանատվություն ստանձնել, մենք հոգնել ենք ամեն ինչից։ Հիմա խնդիր կա հասկանալու, թե ո՞վ է երկրի իրական տերը, ինչպե՞ս է դա որոշվում։ Հիմա ժողովուրդը տեսնում է, որ ինքը տեր չէ կամ հրաժարվում է տեր լինելուց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նույնիսկ փոքր պրոցեսներում մարդիկ պետք է հասկանան, որ տեր են իրենց համայնքին, երկրին, ստանձնեն պատասխանատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Մեր անվտանգության պատյանն այսօր ցանցավոր է դարձել. Ձյունիկ Աղաջանյան
- Իշխանություններն արժեզրկեցին ԶԼՄ-ները և հասարակությանը մտցրեցին «Փերֆեկտ ԹիՎի»-ների մի դաշտ. Արմինե Օհանյան