Ղարիբաշվիլի. «Բոլորը պետք է համակերպվեն իրականության հետ»
«Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է, թե որ օրենքն է նրան անհրաժեշտ այս պահին»,-Jnews-ի փոխանցմամբ՝ Բեռլինում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, թափանցիկության և հաշվետվողականության նվազագույն չափանիշը անհրաժեշտություն է, որը լիովին համահունչ է եվրոպական և համաշխարհային չափանիշներին։
«Ընդհանուր առմամբ, մեր կառավարությունն ամեն ինչ անում է մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու համար։ Սա է մեր գլխավոր խնդիրը՝ մեր երկրի անկախությունը։ Վերջին 10 տարիներին մենք երկիրը տանում ենք եվրաինտեգրման ճանապարհով։ Կարծում եմ, բոլորս էլ լավ գիտենք, որ «Վրացական երազանքը» հասել է ասոցացման համաձայնագրի, ազատ առևտրի, առանց վիզայի ռեժիմի, այժմ՝ եվրոպական հեռանկարի, ինչը վերջապես ապացուցեց, որ մենք իսկապես լինելու ենք եվրոպական ընտանիքի անդամ։ Ուզում եմ ընդգծել՝ լիիրավ անդամ: Հիմա սպասում ենք կարգավիճակին։
Մեր կառավարությունն ամեն ինչ անում է այս կարգավիճակը հնարավորինս արագ ստանալու համար։ Ցանկացած շահարկում, որ մենք լսել ենք ընդդիմությունից, անհիմն է։ Պարզ է, որ շատերի համար այս հարցը կարող է անընդունելի լինել, բայց մենք իշխանություն ենք, քանի որ անում ենք այն, ինչ պետք է երկրին, մեր ժողովրդին:
Օրինակ, մենք գիտենք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, որոնք ուղղակիորեն պայքարում են պետության դեմ, պետության շահերի դեմ։ Մենք գիտենք բազմաթիվ կազմակերպությունների, որոնք, օրինակ, դրսից ստացած միջոցներով իրականացրել են հակապետական գործողություններ, բազմաթիվ սադրիչ միջոցառումներ, որոնք չեն համապատասխանում մեր երկրի ազգային շահերին։ Նրանց ֆինանսավորումը թափանցիկ չէ։ Մյուս կողմից, նրանք մեզ հորդորում են ապահովել, որ կառավարության և խորհրդարանի գործունեությունը լինի լիարժեք թափանցիկ։ Սա ճի՞շտ է։
Բոլորը պետք է հաշտվեն այն ճշմարտության հետ, որ մեր երկրի ապագան չի պատկանում և չի պատկանելու ոչ օտար պետությունների գործակալներին, ոչ օտար պետությունների ծառաներին, ապագան պատկանում է հայրենասերներին։
Մենք իսկապես թափանցիկության առաջնագծում ենք ամբողջ աշխարհում: Գոնե նույն բյուջետային թափանցիկությամբ աշխարհում առաջին տեղում ենք։ Այնպես որ, ես ներկայիս քարոզարշավը համարում եմ բացարձակապես անհիմն»,- ասել է Ղարիբաշվիլին։