Կներեք, մի հատ էլ նկարը դոշներիս կպցնենք նոր գնա՞նք,ամեն անգամ մի հատ էլ ստորանա՞նք․ Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը պնդում է, որ զոհված զինծառայողների ծնողների ջանքերով, ռուս խաղաղապահների միջոցով 2021-ի նոյեմբերին Ադրբեջանը նոր հանձնել է երեխաների մասունքները, յուրաքանչյուր երեխայից՝ մեկ մասունք։
«ՊՆ-ի «շները» 12 ամիս ոչինչ չեն արել, որ պարզեն իմ երեխայի ճակատագիրը, իմ երեխան անհետ կորած էր»,- ասաց զոհվածի մայրն ու շարունակեց․
«Դրանից հետո գնացել եմ անձնագրային բաժանմունք։ Չեք պատկերացնի այն խայտառակությունը, երբ դու դեռ չես ընտելացել քո ցավին, պետք է այնտեղ կանգնես գոռաս՝ ես զոհվածի մայր եմ, սիրտ չունեմ, թույլ տվեք երեխայիս հանեմ հաշվառումից, որովհետև իմ երեխան էլ չկա՞: Ինչու պասպորտ-սեղանի համակարգում չկա այդ ինֆորմացիան, որ հետևեք, եթե զոհվածի ծնող է, ապա առանց հերթի սպասարկեք:Եվ նմանատիպ շատ հարցեր։ Նույնը բանկային համակարգում է: Մեզ ասում են՝ բանկերը պետական կառույցներ չեն, բայց այնտեղ կարող է 5 րոպեանոց գործարքի համար 3-5 ժամ հերթերի մեջ կանգնես: Չպե՞տք է լիներ քաղաքականություն, որ զոհվածների ծնողներին չի կարելի այս տարրական, կենցաղային հարցերում դնել այս վիճակում: Էս մարդիկ թքած ունեն: Խոսում են երաշխիքների մասին, ես ասացի՝ առաջին երաշխիքն այն պետք է լինի, որ չտանեք մեր երեխեքին մորթեք: Եթե այդ երաշխիքը կապահովեք, հետո եթե կլինեն դեպքեր, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են, այդ դեպքում էլ ունեք առաջնահերթություններ, դուք հաստատե՞լ եք, թե ով ընտանիքը պետք է առաջին հերթին այդ օգնությունը ստանա: Ասում է՝ չենք ուզում քաղաքականացնել, բայց հների պատճառով նոր դեռ 2004 թվականի ընտանիքներին ենք հասել բնակարանային ապահովման մասով: Ու խոսում է երրորդ կարգի հաշմանդամի մասին, այսինքն նրան հավասարեցնում է զոհվածի ընտանիքի հետ:Եվ մինչև հասնեն 2020 թվականին, կարող է այդ ընտանիքների մեծ մասը քաղցից կամ այլ խնդիրներից չլինեն, գոյություն չունենան»։
Նրա խոսքով ՝ պետք է ուշադրություն դարձվի զոհվածքների ծնողների սպասարկման ընթացակարգերին։
«Կներեք, մի հատ էլ նկարը դոշներիս կպցնենք, որ զոհվածի ծնող ենք, նոր գնա՞նք,ամեն անգամ մի հատ էլ ստորանա՞նք դրա համար։ Դատարկաբանություն, ես այսպես եմ գնահատում այս , ինչպես նաև ցանկացած իրենց կատարած գործողությունները»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։