«Չմատնող կանայք»՝ Հայաստանի պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանը կանանց տոնին՝ մարտի 8-ին ընդառաջ առանձնահատուկ ցուցադրություն է կազմակերպել։ Այսօր թանգարանում կայացավ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսն ու բացվեց արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդեսը։
Գրքում ներկայացված են 1935-1946 թվականներին ստալինյան բռնաճնշումների ենթարկված 108 կանանց պատմությունները՝ ըստ արխիվացված քրեական գործերի և բանավոր վկայությունների, ավելի քան 80 արխիվային և ընտանեկան գործեր, փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև հատվածներ նրանց ժառանգների հետ հարցազրույցներից։ Նրանք մեղադրվել են ստալինյան շրջանի Հայաստանի քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով՝ իրենց ամուսինների, եղբայրների, գործընկերների «հանցավոր» գործունեությունը խորհրդային իշխանություններին չմատնելու համար։
Նույն խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանի արխիվից բնօրինակ լուսանկարներ, օրագրեր, աշխատանքային գրառումներ և այլն․ Եվգենյա Գյուզալյանը եղել է մեկն այն կանանցից, որ բռնաճնշումների զոհ է դարձել։
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ որոշեցին մի փոքր այլ կերպ անդրադառնալ կանանց նվիրված տոնին՝ բարձրացնելու հարցեր, միգուցե խնդիրներ, որոնց առնչվել են կանայք, բայց իրենց մեջ ուժ են գտել, պայքարել են, հաղթահարել են, երբեք չեն մատնել։
«Ներկայացված արխիվային նյութերը հնարավոր չէ առանց հուզմունքի նայել։ Ցուցանմուշները վեր են հանում ժամանակի պաշտոնական պրոպագանդայի և իրականության սուր հակասությունը՝ մի կողմից դատապարտված և աքսորված կանայք, մյուս կողմից՝ մարտիության շնորհավորանքներ թերթերի համարներում։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կանայք բռնճանշումների էին ենթարկվել իրենց ազնվության, իրենց հարազատներին սիրելու, իրենց սկզբունքներին տեր լինելու համար»,- նշեց Դ. Պողոսյանը։
«Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, գրեթե 5 տարի աշխատել է այս նյութի վրա։
«Երբ ուսումնասիրում էի խորհրդային բռնաճնշումների պատմությունը, ազգային արխիվում պատահաբար հանդիպեցի մի խումբ աշխատանքների, որոնց վրա նշված էր 69-րդ հոդված։ Ուսումնասիրեցինք, թե այդ հոդվածն ինչ է իրենից ներկայացնում։ Այն շատ սպեցիֆիկ հոդված է, վերաբերում է չմատնելուն։
Երբ այդ կանանց գործերն առանձնացրեցինք, հետաքրքիր պատկեր առաջացավ. այս կանայք իրականում որևէ մեղք չէին գործել, բայց պատասխանատվության էին ենթարկվել իրենց ամուսինների, գործընկերների, եղբայրների «հակահեղափոխական» գործունեությունը համապատասխան մարմիններին չմատնելու համար։
108 նման գործ կար արխիվում։ Բոլոր 108 գործերն ուսումնասիրեցինք և այս գրքում բոլորի անհատական գործերը ներկայացված են»,- մանրամասնեց գրքի հեղինակը։
Տ. Սարգսյանի խոսքով, թեև այդ կանայք կալանավորվել են նույն հոդվածով, սակայն նրանց հետագա ճակատագիրն այլ կերպ է դասավորվել։
«Այս դեպքում կանանց գործոնը բավականաին քիչ էր, պայմանավորված էր ավելի շատ նրանց ամուսինների «մեղքի, հանցանքի չափից»։ Այն տղամարդիկ, ովքեր 1936-37 թվականներին պատասխանատվության էին ենթարկվել, առկա էր դատավճիռը, այդ տղամարդկանց կանանց, գործընկերներին 1938 թվականի գարնան էին դատապարտել արտադատարանական մարմինների կողմից։
Այն կանայք, որոնց ամուսինների գործերը քննվել էին 1938 թվականին, մի քիչ այլ ճակատագիր են ունեցել. Խորհրդային միությունում սկսված նաև քաղաքական որոշակի գործընթացների առումով հապաղեց նրանց դատավճիռը և արդեն 1938 աշնանը հատուկ հրամանով սկսեցին վերանայվել այդ գործերը։ Մոտավորապես 55 կանանց գործեր վերանայվեցին 1938 թ. դեկտեմբերից միչև 1939 թվականի հունվար և նրանք ազատ արձակվեցին։
Երրորդ խումբն այն կանայք էին, որոնք ի սկզբանե չէին կալանավորվել՝ բնակավայրից չհեռանալու պայմանով։ Համապատասխան հրամանում նշած էր, որ ձերբակալության ենթակա չեն այն կանայք, որոնք հղի են, կրծքով կերակվող երեխա ունեն, խնամքի տակ ունեն վարակիչ հիվանդություններով տառապող մարդիկ, թոշակառու են։
Բայց Հայաստանում ստորագրությամբ ազատ էին արձակել նաև որոշ մասնագիտությունների տեր մարդկանց՝ ինժեներ, դասախոս։ Դա նույնպես օրինաչափություն չէր, քանի որ կար նաև դատապարտած կին դասախոս, ով երկու անգամ պատասխանատվության էր ենթարկվել նույն մեղադրանքով։ 108 կանանցից երկու կին երկու անգամ էին դատապարտվել նույն հոդվածով նույն մեղքի համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։