Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբեք չեմ էլ լինելու, բայց ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետև այլընտրանք չկա. Սերժ Սարգսյան
«Լավ, ռուսական խաղաղապահներին քննադկատում ենք, ասում ենք՝ գնացեք, բայց կա՞ մի երկիր, որը պատրաստ է խաղաղապահներ բերել, եթե չկա՝ ինչո՞ւ են ավել-պակաս խոսում»,- իր հեղինակած «Բանակցային Առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո պատասխանելով լրագրողների հարցերի՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը հարց հնչեցրեց, թե Արցախը կարո՞ղ է միայնակ դիմակայել Ադրբեջանին, հատկապես երբ «Հայաստանը ձեռքերը լվացել է նրանից»:
«Հայաստանն այլևս իրեն չի համարում անվտանգության երաշխավորը, վաղուց արդեն չի համարում՝ կոպիտ ձախողվելուից հետո, ես նկատի ունեմ 44-օրյա պատերազմը: Բա 120 հազարը ինչպե՞ս պետք է դիմակայի 10 միլիոնին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հետևություն անելով, որ անհրաժեշտություն է այսօր Արցախում խաղաղապահների ներկայությունը, նա հայտարարեց. «Միշտ պետք է հիշենք , որ որևէ դաշնակցային հարաբերություն՝ հարաբերություն չէ միակողմանի օգնությնա համար»:
Նախագահը բացատրեց, որ նույնիսկ մարդկային հարաբերություններում այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է:
«Ընկերությունը փոխադարձ պարտավորություն է, ոչ թե դու միշտ՝ տուր-տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ գնամ մեկ ուրիշի հետ խոսեմ: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի և երբ տեսնում են, որ մարդը տեղից բան չի հասկանում՝ անմիջապես կուլ են տալիս: Ռուսաստանը եղել է և հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից դուք տեսնո՞ւմ եք դաշնակցային հարաբերություններ:
Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբեք, չեմ էլ լինելու, բայց համարել ու համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է , որովհետև այլընտրանք չկա: Նրանք, ովքեր ուզում են գալ այս տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում, իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում, արդյո՞ք պայմանավորվածություններ ունեն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ ռազմաբազա՞ դնի, եվրոպական որևէ երկիր Արցախում կոնտինգե՞նտ է ուենալու»,-հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգյանն ասաց, թե բոլորն էլ լավ գիտեն , որ ինքը երբեք հակաեվրոպական էլ չի եղել:
«Այսինքն՝ կշտամբանքս ոչ թե վերաբերում է Եվրոպային, ՆԱՏՕ-ին, այլ այն ավանտյուրիստներին, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փորձում են այստեղ ամեն ինչը պղտորեն իսկ պղտորելը լավ բանի չի կարող բերել»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կանխատեսում եմ՝ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին
- Սերժ Սարգսյան. Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ
- Ես չեմ կարծում, թե պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ գնալ և մի փոքրիկ այգի խնամել․ Սերժ Սարգսյան