«Ժողովուրդ». Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որևէ մեկն էլ իրականություն չեն դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի և Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։
Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որևէ մեկն էլ իրականություն չեն դարձել: Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից հետո՝ շուրջ մեկուկես տարվա ընթացքում, որևէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչև 2021-ի տարեվերջ։
Ավելի ուշ նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից, սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։
2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման՝ տնտեսվարողների ծախսերը։ Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաև հունիսին 6-ին։ Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է, սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։
Քրոնիկոնը ամփոփել էր CivilNetCheck-ը և ևս մեկ անգամ ապացուցել, որ կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում:
Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին և վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստանավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են