Իրանը տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չի ընդունի. Էբրահիմ Ազիզի
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզի ասել է, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությանը բանակցության հրավիրելով, հստակ հայտարարել է, որ չի ընդունի որևէ գործողություն, որը կբերի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և վնաս կհասցնի տարածաշրջանի աշխարհագրությանը։ Այս մասին գրում է ParsToday-ը` ներակայացնելով «Խանեյե մելլաթ» լրատվական գործակալությանը Էբրահիմ Ազիզիի տված հարցազրույցը։
Նա նշել է. «Բանակցությունն ու երկխոսությունը այն կարևոր ուղիներից է, որը կարող է լուծել տարածաշրջանի երկրների միջև առկա հակամարտությունները»։
Էբրահիմ Ազիզիի խոսքով՝ «իրականում, եթե վերոհիշյալ քաղաքականությունն իրականացվի, մենք կարող ենք ականատես լինել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարատևմանը և նույնիսկ տնտեսական հնարավորությունների խթանմանը»։
Նա հավելել է, որ «Իրանն իր ներքին և արտաքին բոլոր հնարավորություններով կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը , և չի վախենում դա անել»։
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի ականատես լինենք հարևան երկրների հարաբերությունների զարգացմանը։