Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր՝ մարտի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հանդիպմանը գնահատել է այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա, որի հետևանքով երեք ոստիկան է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել։
Այդ առնչությամբ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։
«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծել է, որ որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ»,- ասվում է հաղորդագրությունում: