Ցույց և բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի
Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ հանրահավաքն ավարտվել է, Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։
«Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարության ուժերը լիովին վերահսկում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ գտնվող տարածքը։
Նշենք, որ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույցը սկսվել է երեքշաբթի առավոտյան։ Մարդիկ հավաքվել են այնտեղ իրենց բողոքն արտահայտելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որն ընդունվել է մարտի 7-ի երեկոյան՝ առաջին ընթերցմամբ։
Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի ժամ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև․ Նշվում է, որ հանրահավաքի մասնակիցները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, ցույցը ցրելու համար կառավարությունն օգտագործել է արցունքաբեր գազ։
Կան տուժածներ, ինչպես նաև՝ բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնեկ է, որ օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, իսկ եզրակացությանը անհրաժեշտ կլինի երեք ամիս։
«Ժողովրդի ուժի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնց եկամուտների որոշակի ծավալը՝ ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից։
Օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է օտարերկրյա ազդեցության գործակալ, պետք է գրանցված լինի հանրային ռեգիստրում համանուն տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։ Միաժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Նշված օրենքի նախագիծը արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել հետազոտություն և ուսումնասիրել և վերահսկել հարցը՝ օտարերկրյա ազդեցության գործակալին հայտնաբերելու նպատակով։
Ըստ նախագծի՝ մշտադիտարկում սկսելու համար հիմք է հանդիսանալու արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը և արդարադատության նախարարություն ներկայացված գրավոր դիմումը, որը պարունակում է համապատասխան տեղեկանք՝ կապված արտաքին ազդեցության կոնկրետ գործակալի հետ։ Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին