Բոլորիս հանձնառությունն է՝ ապահովենք այնպիսի միջավայր, որը թույլ կտա կանանց ամբողջովին իրացնել իրենց կարողությունները և ներուժը. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ։ Միշտ ժպտացեք և բոլորիս վարակեք այն բացառիկ կենսուրախությամբ և տոկունությամբ, որի կրողն եք դուք։
Ցանկանում եմ հատուկ շնորհավորել և երախտիքս հայտնել մեր հերոսածին մայրերին, մեր այն կանանց, որոնց ամուսինները, եղբայրներն առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու իրենց կյանքը տվեցին հանուն մեր հայրենիքի, հանուն մեր գոյության։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին, որոնց որդիներն այսօր էլ սահմաններին կանգնած մեր անվտանգությունն են ապահովում:
Սիրելի՛ կանայք,
Անգնահատելի է ձեր ներդրումը մեր ազգային արժեքների պահպանության և սերնդե սերունդ փոխանցման հարցում։ Եվ ամենևին պատահական չէ, որ, երբ ասում ենք ամուր ընտանիք, ամուր հասարակություն և ամուր պետություն, նախևառաջ նկատի ենք ունենում հենց ձեզ՝ որպես այդ ամենի հենասյուն։ Ձեր առաքելությունը և դերն անգնահատելի են:
Դուք այսօր էլ շարունակում եք անտրտունջ հաղթահարել շատ դժվարություններ ու մարտահրավերներ: Ուստի շատ կարևոր է գիտակցել և արժանիորեն գնահատել դա: Բոլորիս հանձնառությունն է, որպեսզի մեր երկրում ապահովենք այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեր կանանց ամբողջովին իրացնել իրենց կարողությունները և ներուժը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, թո՛ղ ձեր փայլը երբեք չխամրի, թո՛ղ ձեր ձայնը միշտ լսելի լինի և թո՛ղ միշտ ձեր աղոթքները պաշտպան լինեն մեր հայրենիքին»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան. Գարեգին Երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան