Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով.
«Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:
Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։
Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին։
Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան