«Հրապարակ». «Հայաստան» խմբակցության խորհրդի կազմը փոքրացել է, դուրս եկածներին նորերով չեն փոխարինել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջին ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր խորհուրդ է ձևավորվել, որը էլ ավելի է սրել խմբակցության ներքին մթնոլորտը։ Նախկին խորհուրդը բաղկացած էր ութ հոգուց, խորհրդի անդամներն էին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ականներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քվոտայով ցուցակում ընդգրկված Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը և Արամ Վարդևանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։
Այս կազմը քվոտաներով էր` խորհրդին անդամակցում էին դաշինքի մաս կազմող բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ից, Քոչարյանի թևից, ՀՎ-ից։ Վարդևանյանի և Վահե Հակոբյանի թիմի` ԱԺ մանդատները դնելուց հետո նոր խորհուրդ ձևավորելու անհրաժեշտություն է առաջացել։ Տարեվերջին, ըստ էության, հաստատել են խմբակցությունում առաջացած ստատուս քվոն. խորհրդի կազմը փոքրացել է, որևէ նոր պատգամավոր չի համալրել՝ դուրս եկածներին նորերով չեն փոխարինել։
Ռոբերտ Քոչարյանը պատգամավորների հենց այս նեղ խմբակի հետ է նախևառաջ հարցերը քննարկում: Եթե պետք է լինում` ընդլայնված քննարկումներ են կազմակերպում, եթե՝ ոչ, ապա խորհրդի անդամները ֆրակցիային փոխանցում են իրենց առաջնորդի ասելիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորները համարվում են Քոչարյանի ամենավստահելիները և խմբակցությունում «կլասով» բարձր են համարվում մյուսներից։
Մեզ ասացին, որ Քոչարյանի այս որոշումից հատկապես նեղսրտել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, նա և նրա թիմակից Արեգնազ Մանուկյանը, վերջին շրջանում բավականին մեկուսացել են և ակտիվ շփումներ չունեն խմբակցության գործընկերների հետ։
Թևանյանը հույս է ունեցել, որ երկրորդ նախագահն իրեն նույնպես կառանձնացնի շարքային պատգամավորներից, սակայն նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ Քոչարյանը որոշ անվստահություն ունի Թևանյանի նկատմամբ, քանի որ իր ականջին են հասել պատգամավորի՝ տարբեր շրջանակներում արած հայտարարություններն այն մասին, որ Քոչարյանը վայր է դրել զենքերը, չի պայքարելու, որ իր էջն արդեն փակված է և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան