«Ապագա Հայկականը». Համաժողովից առաջ ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել
«Մենք այս նախաձեռնությունը հիմնել ենք նպատակով, որ Հայաստանի ու հայ ազգի զարգացման շուրջ միասնական գիտակցություն ձևավորենք, հրավիրենք այդ հարցով այլ մտահոգ մարդկանց մեզ հետ աշխատելու։ Նախաձեռնությանն այս պահին միացել է 112 հազար մարդ՝ որպես համանախաձեռնող»,-մարտի 10-12-ը կայանալիք Ապագա Հայկականի Համաժողովին ընդառաջ այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց գործարար, բարերար, FAST համահիմնադիր, «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը, որը «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրն է։
Նա հիշեցրեց, «Ապագա Հայկականը» սահմանել է 15 նպատակ, որից երեքը կքննարկվեն առաջիկա համաժողովի ընթացքում։ Միջոցառմանը մասնակցելու է մոտ 200 մարդ։
«Նախաձեռնությանը միացածների քննարկումները մեկ թեմայի շուրջ են՝ ինչպես հասնել այդ նպատակներին, ինչպես հասնել կայուն զարգացման։ Այս ընթացքում տեղի են ունեցել մեծաթիվ քննարկումներ, հանդիպումներ, շատերը պատրաստ են մասնակցել գործընթացին, առաջ շարժվելու մեզ հետ միասին»,-ասաց Արթուր Ալավերդյանը։
Նրա խոսքով, համահայկական քաղաքացիական համաժողովը հայաստանյան իրականության համար նոր մոդել է, փորձելու են հարգալից լայն քննարկումների արդյունքում գալ միասնական որոշումների։
Համաժողովին քննարկվելու է երեք թեմա «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»։
«Mlinda» և «The Good Investors» կազմակերպությունների հիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան նշեց, որ Հայաստանը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, իսկ նման դեպքերում երբեմն ընդունված օրենքները, ընտրական ժողովրդավարությունն ու առաջարկվող լուծումներն ի վիճակի չեն լուծել առաջադրված խնդիրները, մարտահրավերները։
«Քաղաքացիական ասամբելան մեծ երկխոսություն ապահովելու համար, առկա խնդիրները պետք է լինի ողջ հայ ժողովրդի խոսակցության թեման, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայերի թեման։ Համաժողովին 200 մարդ ներկայացնելու է իր փորձը, գիտելիքը, առաջարկը, կազմելու ենք միասնական ծրագրեր։ Մեր միտքն է միասին առաջ քայլել»,-ասաց նա։
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաժողովի հանրային քննարկման փուլը կբացվի վաղը, դրան նախորդել են փորձագիտական քննարկումները։ 100-ից ավելի փորձագետներ քննարկել են թեմաները, մշակել համաժողովի օրակարգը։
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանն իր խոսքում նշեց, հինգ հանդիպումներ են ունեցել տասնյակ մասնագետների հետ, որոնք ապրում են Հայաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում և այլ տարածաշարջաններում։
Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանն ընդգծեց, որ հանդիպումների ընթացքում եղել է մեծ անկեղծություն, անհամաձայնության ընդունումը, քաղաքավարություն։
«Երեք կետերի շուրջ համաձայնություն եղավ։ Բոլոր մասնակիցները շեշտեցին, իբր պատմական պատասխանատվություն Ցեղասպանությունը փաստ է, մոտեցումն այն էր, որ մենք այդ խնդրին նոր մոտեցում պետք է ցուցաբերենք։ Զոհ լինելու հոգեբանական վիճակից պետք է ազատվենք, քանի որ ամենածանր ու ժխտական վիճակն է, երբ մարդուն հնարավորություն չի տրվում իր ողջ պոտենցիալն օգտագործել։ Շեշտվել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման ջանքերը ոչ միայն պատմական հարց է, այլև արդի, մեր ինքության, գոյության հիմնական հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով կարևոր է նաև միասնական պահանջի ձևավորումը։
Հաջորդ հարցը, որի շուրջ համաձայնության են եկել այս խմբի փորձագետները, մշակութային ժառանգության պահպանումն է։
«Հարկ չկա ասելու, թե ինչ հարուստ մշակութային, հոգևոր ժառանգություն ունենք։ Բայց շատ դեպքերում մենք տեղյակ չենք այդ ժառանգությանը։ Մեր բոլորի պարտականությունն է ցույց տալ հայ մեծերին, խանդավառել նրանցով երիտասարդներին»,-ասաց նա։
Երորդ կետը, որի շուրջ եղել է համաձայնություն, ազգային ինքնության պահպանության մասին է, որի մաս են կազմում հայոց լեզուն, գրականությունը։
«Իբր պատմական պատասխանատվություն, մենք համաձայնեցինք այս երեք կետերի շուրջ»,-ասաց նա։
«Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանն ասաց՝ հինգ երեխա ունի, նպաստել է բնակչության աճին։
Անդրադառնալոց քննարկումների ընթացքում արծարծված հարցերին, նշեց. «Իսկապես, շատ լուրջ խնդիրներ կան, բնակչության աճը կապված է տարբեր ոլորտների՝ տնտեսական, անվտանգային ու այլ ոլորտների հետ, խնդրին համապարփակ լուծում է պետք։ Փորձագետներն էլ աշխատել են այդ ուղղությամբ։ Հազարավոր մարդիկ արտագաղթում են, ներգաղթը քիչ է։ Երբ ունեցել ենք մեծ ներգաղթ, չենք կարողացել նրանց պահել հայրենիքում»։
Նրա խոսքով, քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես անել, որ չամուսնացած կանայք զավակներ ունենան, մեկ-երկու երեխա ունեցող ընտանիքները հաջորդ ունենան, ինչպես անել, որ Հայաստանում հաստատվեն տարբեր երկրներից հայրենիք եկածները։
Հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արամ Աբրահամյանն ասաց, բանավեճերը բուռն են եղել, կարծիքները՝ տարբեր, հարցերը՝ բազմաթիվ, սակայն պետք է հիշել, որ դրա արդյունքը պետք է լինի միասնական մոտեցումը։
«Գլխավոր մոտեցումը պետք է լինի հայաստանակենտրոնությունը։ Ինչպես ասաց մասնակիցներից մեկը, Հայաստանը մի մագնիս է, որի շուրջ պետք է հավաքվեն մետաղի կտորները՝ սփյուռքի օջախները»,-ասաց Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան