Մի վախեցեք, հավատացե՛ք, որ դուք հաջողելու եք. Կանայք՝ ՏՏ ոլորտում
Հայ կանայք վաղուց կոտրել են այն կարծրատիպը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տղամարդկանց համար է։ Կո՞դ գրել, նոր պորդուկտներ ստեղծել, իհարկե դա կանանց համար որևէ խնդիր չէ։ Ի վերջո պետք է նաև խոստովանենք, որ կանայք կարողանում են միանգամից կենտրոնանալ մի քանի խնդիրների վրա և լուծել դրանք միաժամանակ։
Իսկ այն կանայք, որոնք հավատում են իրենց հնարավորություններին, իրենց ուժերին, նրանք կարողանում են փոխել և էլ ավելի լավը դարձնել իրենց շրջապատող աշխարհը։ Picsart ընկերությունում այդպիսի կանայք են աշխատում, որոնց համար կրթվելու, զարգանալու, աճելու լայն հնարավորություններ են ստեղծված։
Մագա Իսոյանը միջնակարգ կրթությունը ստացել է Ալավերդի քաղաքում։ Մասնագիտության ընտրության հարցում շատ չի մտածել. եղբայրը ծրագրավորող էր, հարազատների շրջանում ևս քիչ չէին ծրագրավորողները, և ունենալով մաթեմատիկայից փայլուն գիտելիքներ, ինքն էլ որոշեց ընտրել այդ մասնագիտությունը։ Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այդ օրվանից սկսվեց նրա ճանապարհը դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ։
Մագան այսօր խոստովանում է, որ բազմաթիվ հետաքրքիր մասնագիտություններ կան, որոնց մասին դպրոցական տարիքում պատկերացում նույնիսկ չեն էլ ունենում։ Դրա համար կարծում է, որ կրթական համակարգում լուրջ բարեփոխումներ են հարկավոր, քանի որ դպրոցները ևս կարևոր նշանակություն ունեն երեխաների մասնագիտության ընտրության հարցում։
Այնուամենայնիվ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքն իր համար դարձել է ապրելակերպ։ »Այս տարիների ընթացքում աշխատելով որպես ծրագրավորող, հասկացա, որ դա ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, անընդհատ համակարգչի դիմաց նստել ուղղակի չեմ կարող։ Սիրում եմ շարժման մեջ լինել, ինչ-որ բան բացահայտել, ստեղծել, ուստի ընտրեցի մեկ այլ ուղղություն։ Այսօր Picsart-ում աշխատում եմ որպես հատուկ նախագծերի կորդինատոր»,- ասում է Մագան։
Որն է հաջողության հասնելու բաղադրատոմսը
Մագայի խոսքով՝ Picsart-ում աշխատում են տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, և հենց դա է իրենց միավորում։ Միասին կարողանում են նոր ծրագրեր ստեղծել, ստանդարտից դուրս գաղափարներ առաջարկել։ «Մեր հաջողության գաղտնիքը նաև աշխատավայրում դրական մթնոլորտն է։ Եթե աշխատում ես առողջ միջավայրում, ապա հնարավոր չէ լավ արդյունքներ չունենալ»,- ասում է նա։
Ընկերության զարգացման տեմպը պահանջում է, որպեսզի աշխատողների հմտությունները և գիտելիքներն անընդհատ ավելանան և բարելավվեն։ Այս հարցում ևս Picsart-ը բաց է, կարևորելով մասնագիտական աճը՝ աշխատողները մշտապես փորձում են տարբեր կրթական ծրագրերի մասնակցել, հմտանալ իրենց մասնագիտությունում։
«Կարևորը՝ չկան կաղապարներ։ Օրինակ, եթե ուզում ես լիցքաթափվել, կա հանգստի, խաղերի անկյուն, կարող ես ընդմիջումներին հանգստանալ։ Կամ էլ կարող ենք օրվա ընթացքում դուրս գալ, քայլել, սուրճ խմել։ Թվում է, թե դա մանրուք է, բայց իրականում լավ աշխատելու, նոր գաղափարներ ունենալու համար շատ կարևոր է»,- նշում է նա։
Ինչ է հմտություններ են պետք կանանց ընկերություն ղեկավարելու համար
Մագա Իսոյանն այն կարծիքին է, որ ՏՏ ոլորտում թե կանայք, թե տղամարդիկ կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Եթե մարդն ունի գիտելիք, համապատասխան հմտություններ, ապա սեռն, ըստ նրա, կարևոր չէ հաջողության հասնելու համար։
«Առաջին հերթին ձեզ մի թերագնահատեք և վստահ եղեք, որ ցանկացած հարց կունենա իր լուծումը»,- նշում է նա։
Նրա ապագա պլաններում սեփական ընկերություն ունենալն է, իսկ դրա համար, ինչպես Մագան է ասում, պետք է անընդհատ կրթվել, նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր կապեր հաստատել, ձգտել ավելի լավ հասկանալ մարդկանց, նրանց քայլերը, որպեսզի որոշումներն ավելի հիմնավոր լինեն։
Առաջիկայում երիտասարդ մասնագետը կմեկնի Իտալիա՝ ուսումը շարունակելու համար։ Այնտեղ կուսումնասիրի «Գործարարություն և ինովացիա» մասնագիտությունը։
«Սովորեք, երբեք չասեք, թե ուշ է։ Մի վախեցեք, շարժվեք առաջ։ Քույրս 37 տարեկանում մտավ ՏՏ ոլորտ, նա չվախեցավ ու երիտասարդ աղջիկներին էլ խորհուրդ եմ տալիս, որ չվախենան։ Միշտ հավատացեք, որ դուք հաջողելու եք»,- հավելում է Մագա Իսոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին