Որոնք են վաղ մանկական հասակում կարիեսի առաջացման պատճառները
Այսօր վաղ մանկական հասակում (1-3 տարեկան) կաթնատամների կարիեսը դարձել է լուրջ խնդիր:
Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Ամալյա Գուլեյանը նշում է, որ ճիշտ ժամանակին չհայտնաբերելու և բուժում չիրականացելու պարագայում խնդիրը շարունակական է դառնում, բարդանում է և երեխան կարող է կորցնել կաթնատամները մինչև ֆիզիոլոգիական փոխման շրջանը (7-13տ․)։
Որոնք են վաղ մանկական հասակում կարիեսի առաջացման պատճառները
Կաթնատամների ծկթումից հետո 6-8 ամսականից մինչև 2,5-3 տարեկանը կարևոր է⤵️
.Բացառել գիշերվա ժամերին քաղցրեցված կաթը, հյութը, օշարակները արհեստական ծծակով և շշով կերակրելը, իզուր չէ, որ այդ տեսակի կարիեսն ունի միջազգային անվանում՝ շշիկային կարիես։ Երբ կաթնատամի կարծր հյուսվածքները փխրուն են, լիարժեք կրակալված չեն, կրծքով կերակրումը մինչև 2-2,5տ. գիշերները նույնպես առաջացնում է վաղ մանկական կարիես, չէ որ մայրական կաթը նույնպես քաղցր է։
.Ածխաջրատներով հարուստ սննդի անկանոն կերակրելը։
1 տարեկանից հետո ոչ թե լրիվ պետք է արգելել քաղցր ուտելը (վախեցնելով), այլ ընդամենը կանոնակարգել քաղցրեղեն տալու հաճախականությունը, այսինքն 10-15 րոպե մեկ երեխային չտալ կոնֆետ հետո հյութ, հետո խմորեղեն և նորից կոնֆետ՝ հնարավորություն չտալով բերանային հեղուկի pH-ին նորմալ վերականգնվել։
.Սննդակարգում պարտադիր են վիտամինների, Ca-ի, F-ի և այլ միկրոէլեմենտների առկայությունը, որի բացակայությունը հանգեցնում է կարիեսի առաջացմանը(դրանք են միրգ, բանջարեղեն,կաթնամթերքներ)։
.Կարիեսի առաջացման պատճառներից են նաև մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք թուլացնում են երեխայի օրգանիզմի դիմադրողականությունը։
Ինչպես կանխարգելել
Վաղ մանկական հասակից, երբ արդեն ծկթել են ատամները անպայման պետք է մաքրել մանկական մածուկով և խոզանակով նաև կատարել ողողումներ։ Անհրաժեշտ է հաճախել մանկական ստոմատոլոգին տարեկան առնվազն 2 անգամ, լսել և կատարել նրա խորհուրդները սննդակարգի, բերանի խոռոչի խնամքի և տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ։