Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Դամբարանադաշտ» և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի «Խոյատապան ճանղուլի» պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել է նաև 28 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանց թվում են պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Սբ Աստվածածին» (IV-VI դդ., վերակառուցվել է X-XIV դդ.) և «Սբ Հով¬հաննես» (V-VI դդ.) եկեղեցիները, Շենգավիթ վարչական շրջանի եկեղեցական համալիր Նորագավթի Սբ Գևորգ (Ծիրանավոր Սբ Գևորգ) (IV-VII դդ., XIII-XVII դդ.) եկեղեցական համալիրը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Վերածնունդ» (1980 թ.) հուշահամալիրը և Ողջաբերդ գյուղի «Չարենցի կամար» հուշարձանը (1957 թ.), Սյունիքի մարզի Հացավան գյուղի «Վասակաբերդ» (V դ.) ամրոցը և այլն:
Ըստ սահմանված կարգի՝ այդ գոտիները կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:
Դրական եզրակացություն է տրվել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում գտնվող Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայր-բնակատեղիներն ու հարակից տարածքներն օգտագործման հանձնելու հարցին: