
Ա. Գրիգորյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ:
Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: