Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
«Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,-ՀՀ գործադիր մարմնի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն նախորդ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, որը չափազանց կարևորեց:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան ու ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և այն միջազգային պայմանավորվածության իրականացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև ցանկանում էր ստեղծեր կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում, ինչը Ադրբեջանի համար կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժել էր Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը՝ իբր ականապատումներ իրականացնելու համար:
Հայտնելով, որ այդ նապատակին հասնելն ադրբեջանական կողմին չի հաջողվել՝ Փաշինյանը փաստեց, որ ոստիկանական մեքենան Ստեփանակերտից էր դուրս եկել, որի անցած ուղին և հարձակման պահը նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկների կողմից, իսկ մեքենայում միայնփաստաթղթերից ու ամրակցված զենքեր են եղել;
Արձանագրված արյունոտ ահաբեկչությամբ, ըստ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի, Ադրբեջանը ցանկանում էր ձևավորել տեղեկատվական նոր հոսքեր, որոնք կծածկեին այն փաստը, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի որոշումը և չի բացում Լաչինի միջանցքը:
«Ավելի ու ավելի հրատապ է դառնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումն ու ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վերահաստատեց տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումն և խաղաղության օրակարգին հավատարմությունը:
Ավարտելով հայտարարությունը՝ Փաշինյանն առաջարկեց կառավարության նիստի օրակարգային բոլոր հարցերն ընդունել առանց զեկուցման, ինչն էլ արեցին կառավարության անդամները: