Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի օպերայի և բալետի ազգային թատրոնում
Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մարտի 21-ին և 23-ին: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստ.արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի /Իտալիա/, բեմադրող նկարիչ՝ ՀՀ վաստ.նկարիչ Ավետիս Բարսեղյան։
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրությունը մասշտաբային է և ներկայացվում է տարին մեկ կամ երկու անգամ։
«Ներկայացման դեկորացիաների մոնտաժումը և ապամոնտաժումը բավականին բարդ է իրականացնել, ժամանակատար է: Սակայն այժմ փորձում ենք գտնել այնպիսի լուծումների, որոնց շնորհիվ բեմադրությանն առընչվող գործընթացը կիրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և հնարավոր կլինի ավելի հաճախ ներկայացնելու այդ շքեղ բեմադրությունը»,- նշեց նա։
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին: Ներկայացմանը ներգրավված է Թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քանի 350 աշխատակից:
Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին:
Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով: Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք: Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի «Աիդայի» սիրո մասին է:
1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի է ունեցել ներկայացման առաջնախաղը, ներկա են եղել հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին է բացակայել այս կարևոր իրադարձությունից: Կոմպոզիտորը 46 օր անց հարազատ Միլանում ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային:
«Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:
Հարակից հրապարակումներ`
- Նինո Անանիաշվիի հրավերով Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսում խաղացել է Բազիլի դերը՝ «Դոն Կիխոտ» բալետում
- Մայրիկները պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ բալետն առնական մասնագիտություն է.Հայաստանում է Նինո Անանաշվիլին
- 90 տարեկան «Ալմաստը» ասում է՝ լինենք տոկուն, չընկճվենք ու պայքարենք մեր երկրի համար
- Լևոն Շանթի «Հին աստվածները»՝ Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետի հիմքում
- Օպերայի և բալետի թատրոն. Ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաև արտաքին տեսքում
- «Պողիկտոս»-ը՝ օպերայի բեմում. «Ինչպիսի հոգևոր իմաստություն, խրատ ու պատգամ հնչող խոսքերում՝ մանավանդ մեր օրերի համար»