Արարատ Միրզոյան. Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:
ԱԳ նախարարությունից հայտնում են՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Ա. Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը:
Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում Ա. Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։