«Բանակցային առաջնագծում» ժողովածուի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է ԶԱՀ-ին
Մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են՝ միջոցառմանը մասնակցելու համար հատուկ հրավերներ չէին ուղարկվել: Թեմայով հետաքրքրվածները բազմաթիվ էին՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մի մասը միջոցառմանը հետևում էին ոտքի վրա: Ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց շնորհիվ միջոցառումը լուսաբանվում էր նաև ուղիղ հեռարձակմամբ:
Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված ամբողջ տպաքանակը:
Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Շնորհակալություն բոլորին՝ գրքի հրատարակմանն աջակցած գործընկերներին՝ ԼՈՒՅՍ հիմնադրամին և «Նյումեգ» ընկերությանը, միջոցառման բոլոր մասնակիցներին, նաև նրանց, ովքեր մեծ ցանկություն ունեին, սակայն տարբեր հարգելի պատճառներով չկարողացան ներկա գտնվել, շնորհակալություն շնորհանդեսի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցած անձանց, միջոցառումը լուսաբանած լրատվամիջոցներին»,-նշում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ
- «Բանակցային առաջնագծում». Շնորհանդեսը՝ մարտի 7-ին