Աստիճանաբար Ռուսաստանի մոտեցումներն ավելի է մոտենում Բաքվի և Անկարայի մոտեցումներին. Բորիս Նավասարդյան
Ալիևն ունի որոշ նպատակներ, որոնց պետք է հասնի, իհարկե, կգերադասի դրանց հասնել խաղաղ ճանապարհով՝ առանց ռազմական գործողությունների դիմելու։ Այս մասին «Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ մարտահրավերներին համարժեքորեն արձագանքելու համար» թեմայով քննարկմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ միանշանակ Նիկոլ Փաշինյանն էլ շահագրգռված է, որ լինի խաղաղություն և պատրաստ է գնալ որոշակի փոխզիջումների, բայց քաղաքական կամքը ենթադրում է շատ վճռական գործողություններ։
«Այդպիսի քաղաքական կամք մենք չենք տեսնում, քանի որ բավականին ոչ հետևողական է ՀՀ դիվանագիտությունը վերջին տարիների ընթացքում։ Մեկ բանակցային հարթակից տեղափոխվում է մեկ այլ բանակցային հարթակ։ Բնականաբար, դա չէր կարող լուծումներին նպաստեր։ Դա ամեն դեպքում ուներ հզոր սուբյեկտիվ բաղադրիչ, այսինքն՝ որոշակի զգուշավորության, վճռականության բացակայությունը դրդում էր նրան, որ մեկ այս հարթակի ճնշմանը ենթարկվես, մեկ՝ մյուս»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Ադրբեջանի պարագայում քաղաքական կամքի բացակայությունը , ըստ նրա, այն է, որ այնտեղի քաղաքական վերնախավը մտածում է, որ կա ռազմական կամ ուժային ձևով հարցի լուծման ճանապարհ, և ինչու գնալ փոխզիջումների, եթե կարելի է ստանալ ամեն ինչ՝ օգտագործելով ռազմական ուժը։
Հարցին, թե ինչ է կարծում՝ ՌԴ-ն չի ցանկանում, թե պարզապես ի վիճակի չէ զոհել իր շատ քաղաքական խնդիրները Լաչինի միջանցքը բացելու համար, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Չի կարողանում, դրա համար չի ցանկանում։ Իրականում, այսօր Ռուսաստանն այնպիսի իրավիճակում չէ, որ օգտագործելով իր ռազմական կոնտիգենտը գնա հարաբերությունների սրման Ադրբեջանի հետ։ Վերջինս դա գիտակցում է, և գնալով ուժեղացնում է ճնշումը և ռուս խաղաղապահների, և Արցախի բնակչության, և Հայաստանի նկատմամբ։
Մենք տեսնում ենք, որ այդ ճնշման տարբեր դրսևորումների դեմ Ռուսաստանը չի կարողանում գտնել ինչ-որ լուծումներ՝ հատկապես, ես համոզված եմ, որ շատ բաներ համաձայնեցված են Բաքվի և Մոսկվայի միջև։ Դրա ապացույցն, ըստ իս, Սերգեյ Լավրովի հայտարարություններն էին Բաքու կատարած այցի ժամանակ, ինչպես նաև Հնդկաստանում տեղի ունեցած գագաթնաժողովին իր հարցազրույցում հնչած մտքերը»,- ընդգծեց նա։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մեկ-երկու տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ ՌԴ-ն կողմ կարտահայտվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների ընդլայնման օգտին՝ այն դեպքում, երբ այդ գաղափարն առաջ է տանում Թուրքիան և դրան միացել է նաև Ադրբեջանը։ Փաստորեն Հնդկաստանում Լավրովն ի օգուտ նման զարգացումների արտահայտվեց , ինչը նշանակում է, որ աստիճանաբար Ռուսաստանի մոտեցումներն ավելի է մոտենում Բաքվի և Անկարայի մոտեցումներին։
«Դա բնականաբար չէր կարող չարտահայտվել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։