Սուրենյանց. Քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց»
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Մի հորդոր՝ մեր «գլոբալիստներին». քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց»
«Օտարերկրյա գործակալների» մասին» օրենք, որի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո Վրաստանում սկսվել են զանգվածային հուզումներ, գոյություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՄՆ-ում՝ FARA, ընդունված 1938-ին:
Ընդ որում, վրացական տարբերակը(որն ընդդիմադիրները համարում են ռուսական), շատ ավելի լիբերալ է, քան ամերիկյանը, էլ չասած՝ ռուսականի մասին:
Ի՞նչ եմ ուզում ասել:
Մի կողմից, շատ բնական է, որ ցանկացած քաղաքացիական հասարակություն պայքարում է սահմանափակումների դեմ, մյուս կողմից՝ Վրաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որի արտաքին բաղադրիչն ավելի քան ցայտուն է:
Վրաստանի կառավարությունը չեզոքություն է պահպանում ուկրաինական պատերազմում, մի կողմից՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ չմիանալով Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:
Հիմա, ինքնուրույն դատեք, թե ո՞ւմ է պետք, որպեսզի Թբիլիսիում «ռուսական» օրենքի դեմ ցույցեր տեղի ունենան ու առհասարակ՝ Վրաստանը դառնա գլոբալ հակադրության «երկրորդ ճակատ»:
Ու մի հորդոր՝ մեր «գլոբալիստներին». քթներդ մի խոթեք վրացական «խոհանոց», Վրաստանի ժողովուրդն առանց ձեզ էլ լուծումներ կգտնի»։
Անդրադառնալով օրենքի նախագիծը խորհրդարանից հետ կանչելուն՝ նա գրել է.
«Վրաստանի իշխանությունը «դուխով» ու պսևդոհեղափոխական չի, ավելի լայնախոհ է. «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից:
Սա այն դեպքն է, երբ ներքաղաքական շահը ստորադասվում է երկրի կայունության իմպերատիվին, այն գիտակցությանը, որ չի կարելի երկիրը դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ»։