Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը
Մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը:
Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան:
1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել և ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը:
1979-90 թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ, և նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին:
1992-2010 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
1994-2000 թթ եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում:
2003-2007 թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը:
Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով:
2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում՝ մարտի 11-ին՝ ժամը 17:30-20:00-ին:
Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից: