Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը
Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձևաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։
Մարտի 10-12-ն ընթացող համաժողովի ընթացքում քննարկելու է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»:
Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից գրանցված հազարավոր հայրենակիցներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ապահովելով աշխարհասփյուռ հայության յուրօրինակ մանրակերտը: Սցենարների և ծրագրերի մշակմամբ շուրջ հինգ ամիս զբաղվել են տարբեր երկրներում բնակվող հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավելի ներկայացուցիչներ:
«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը համաժողովի բացմանն ասաց, որ այսօր սկսում են հանրային քննարկումների կարևոր մի փուլ, որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա ձևաչափով։
«Սա որոշ առումով նոր փորձառություն է հայկական դաշտում, և մենք համոզված ենք, որ մեր ընդհանուր ջանքերով կհասնենք հաջողություն»,- նշեց նա։
«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադիրներից Նուբար Աֆեյան ասաց, որ այսօր ապագան կոչ է անում լրջորեն որոշել՝ որոնք են հայ ժողովրդի կարևոր նպատակները ու ուժ տալ այն նպատակներին, որպեսզի դրանց մասին արդեն սկսեն խոսել։
«Մեր՝ հիմնադիրներիս դերն է պարզապես լսել ու ձեր գաղափարներով ներշնչվել, առաջ տանել այս ծրագիրը»,- նշեց նա։
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը մասնակիցներին:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի և այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների ջանքերը, փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման: Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից:
Հարակից հրապարակումներ`
- «Ապագա Հայկականը». Համաժողովից առաջ ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել
- Արտակ Ապիտոնյան. Այսօրով զբաղվողներ շատ կան, «Ապագա հայկականը» փորձում է ավելի հեռանկարային տեսլական որդեգրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան