«Հրապարակ». Անհասկանալի է, թե պետբյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում Աննա Հակոբյանի հիմնադրամին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։
Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղևոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ և ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։
Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաև «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։
Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, և ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։
Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։
Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք. օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում. Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները