Բացահայտվել է 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
2023 թվականի փետրվարի 8-ին հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան»,- նշում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին