Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ. ԱՆ
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ այսօր Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։