«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք իրականությանը կրկին չեն համապատասխանում: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։
Նման մանիպուլյատիվ հայտարարություն 2022 թվականի ապրիլի 27-ին արել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Փաստերն իրականում այլ բան են ասում: Ըստ SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հայաստանը սպառազինության ձեռք բերման ծավալները մեծացրել է՝ հատկապես սկսած 2016-ից՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի տարիներին։
Եթե միայն քանակի մասով համեմատենք, ապա, Civilnetcheck-ի տվյալների համաձայն, Սարգսյանի տարիներին ավելի շատ զենք է ձեռք բերվել: Հստակ նշել, թե որ կառավարչի օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ, քանի որ Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։ SIPRI-ի բազայում առկա են 2019-ին Ռուսաստանից գնված չորս «Սու-30» կործանիչների գինը՝ 120 մլն դոլար, և 2020-ին Հնդկաստանից գնված չորս Swathi ռադիոլոկացիոն կայանների գինը՝ 40 մլն դոլար։
Այսինքն՝ հստակ նշել, թե որ կառավարչի օրոք որքան գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին և դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. և 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է և չհիմնավորված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին