«Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է.
««Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Սիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր, մասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաները, առանց պայմանագիր կնքելու, վարձակալությամբ տարբեր անձանց է տվել, իսկ ստացված գումարը յուրացրել։
Մարգարյանի ցուցումով, առանց որևէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս և Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել և կրկին յուրացվել են ղեկավարի կողմից։
Ուշագրավ է, որ Դավիթ Մարգարյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն է, հարազատը: Մարտի 26-ին նշանակված Սիսիանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այս գործընթացը տարակուսանք է առաջացրել տեղի իշխանականների շրջանում: Փաստացի փորձ է արվում ջլատել իշխանական թիմը՝ նրանց պահելով իրավապահների ուշադրության կենտրոնում, մինչդեռ ենթադրվում էր, որ հակառակը պետք է լիներ, քանի որ միայն համախմբման դեպքում է հնարավոր իշխանությունը գոնե երկրորդ փորձից հետո վերցնել Սիսիանում։
Սիսիանի մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին, քանի որ իշխանությունների նկատմամբ նախորդ ընտրություններին դրսևորված անվստահության հարցում գլխավոր մեղավորը նրան են համարում: Համբարձումյանն իրեն տարածքի «նայող» է նշանակել, բայց լավ չի «նայում»: Ոմանք արդեն հեռուն գնացող կանխատեսումներ են անում, թե, ի հեճուկս թվացյալ հանգիստ քարոզարշավի, Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին