Արցախի նախագահը շարունակում է իրականացնել իր պարտականությունները. Լուսինե Ավանեսյան
«Արցախպրես»-ը գրում է.
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։
«Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում Նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
«Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և Նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։
Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների հարցին, նա հավաստիացրել է, որ շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, քննարկումներն ու, ըստ կարիքի, բանավեճերը:
«Սակայն ինչ ներքին քննարկումներ ու գործընթացներ էլ տեղի ունենան՝ Նախագահ Հարությունյանը համոզված է, որ հայության տարբեր հատվածների միջև պառակտումն ու լարվածության աճն անընդունելի են և վտանգավոր»,- ընդգծել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա